ԵԱՀԿ դիտորդները քննադատում են Ուկրաինայի ընտրությունները, իսկ Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել
Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները բնութագրվում են վարչական ռեսուրսի չարաշահումներով, նախընտրական քարոզարշավի և կուսակցական ֆինանսական միջոցների անթափանցիկությամբ, ինչպես նաև ԶԼՄ-ներում անհամաչափ լուսաբանմամբ, հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները, հաղորդում է BBC-ն:
Նախընտրական պայքարի այս փուլը հետ քայլ է նախորդ ընտրությունների համեմատ, կարծում են դիտորդները:
Նրանց կարծիքով, այն հանգամանքը, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով այժմ ազատազրկված է, չկարողացավ ընտրություններին մասնակցել, «բացասական է ազդել» դրանց արդյունքների վրա:
Իր հերթին, INTERFAX գործակալության փոխանցմամբ, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ: Այս մասին հայտարարել է նրա դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
«Ես հացադուլ եմ հայտարարում որպես ընտրությունների կեղծման դեմ բողոքի ակցիա», - ասել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 60,17%-ի հաշվարկի տվյալներով շարունակում է առաջատար մնալ իշխող «Ռեգիոնների կուսակցությունը»՝ 34,27 %-ով։
Երկրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը, որը ստացել է ձայների 22,46%-ը, երրորդն Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունն է՝ 14,73% քվեով:
Բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ»-ի օգտին քվեարկել է ընտրողների 12,97%-ը, իսկ «Ազատություն» կուսակցության օգտին՝ 8,68%-ը։










