«Օղակաձև զբոսայգում»՝ փլուզման և Դավթաշենում վերելակի վթարի հետևանքով տուժածների վիճակը նույնն է. ԱՆ
Օղակաձև զբոսայգում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։
Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։
Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Օղակաձև զբոսայգու՝ Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կիսակառույցի փլուզման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 11 հոգի։
Նույն օրը Երևանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվելու արդյունքում գրանցվել էր երկու զոհ և երկու տուժած:










