Ղարաբաղի հարցին Ռոմնին անտարբեր է, սակայն նրան, գուցե գրավի Ադրբեջանի նավթը. քաղաքագետ

12:58 • 29.10.12

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին անտարբեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և նրան գուցե ավելի գրավեն Ադրբեջանի նավթի պաշարները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից, ով էլ ընտրվի, ըստ քաղաքագետի, հայ-ամերիկյան հարաբերությունները կմնան նույնը՝ դրանք եղել են խիստ մոտ և կշարունակեն այդպիսին մնալ: Սակայն թեկնածուների վերաբերմունքը Ղարաբաղի հարցում, ըստ նրա, տարբեր են:


«Հանրապետական թեկնածուն անտարբեր է ԼՂՀ հարցի նկատմամբ և նրան գուցե ավելի գրավեն Ադրբեջանի նավթի պաշարները»,– ասաց նա:


«Իհարկե, թե՛ Ռոմնին, թե՛ Օբաման գնահատում են նավթի գործոնն Ադրբեջանում: Սակայն հանրապետականները ավելի են հակված խորացնելու էներգետիկ բիզնեսը և ունեն սերտ համագործակցություն Ադրբեջանի վերնախավի հետ: Միթ Ռոմնին չունի փորձ ռազմական անվտանգության հարցում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:


Որպես ԱՄՆ քաղաքացի և որպես ընտրող քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը դեմոկրատ է և ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանելու է գործող նախագահ Բարաք Օբամային:


Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ-ում այս անգամ նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են
«Ի տարբերություն Հայաստանի, դա ոչ միայն անձերի, այլ նաև քաղաքական կուսակցությունների միջև պայքար է: Հենց այդ ընտրությունից է կախված, թե ինչպիսի ԱՄՆ կունենանք առաջիկա տարիներին»,- ասաց նա:


Խոսելով ԱՄՆ-ի հայկական համայնքի նախընտրության մասին՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ պատմությանը ցույց է տալիս, որ նրանք հիմնականում դեմոկրատներ են, քան հանրապետականներ:


«Սակայն հայ համայնքը երկուսի վրա էլ զայրացած է՝ Ցեղասպանության հարցին չանդրադառնալու համար: Արդեն տեղյակ եք, որ նրանք բոյկոտում են ընտրությունները, ինչը խելացի մարտավարություն է, քանի որ դրա մասին հայտարարությունները կարևոր են այնքան, որքան մասնակցությունը ընտրություններին»,– ասաց նա:


«Հայերի մասնակցությունը և թեկնածուներից ոչ մեկին չընտրելը ևս հզոր քայլ է: Եթե հայերը չընտրեն ոչ մեկին, հայկական լոբբին չի թուլանա»,- բացատրեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ հայկական լոբբիի ուժը կհզորանա մինչև 2015թ-ը։


Քաղաքագետը վստահություն հայտնեց, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ուժեղացումը կնպաստի նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ուժեղացմանը: Ռիչարդ Կիրակոսյանը նաև վստահ է, որ Օբաման հաղթանակ կտանի, ինչը դրական կազդի ԱՄՆ-ի հայերի և Հայաստանի վրա։