ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը

15:37 • 29.10.12

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից։


Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքն է հայտնել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը և Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաև անդրադարձել է պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների և ուսուցումների, ինչպես նաև արհեստավարժ կրտսեր սպայական կազմի ձևավորման կարևորությանը: Քննության է առնվել նաև Եվրոպայում ԱՄՆ ծովահետևակային ուժերի Սևծովյան ռոտացիոն ուժերի շրջանակում իրականացվող համագործակցությունը:


«Շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար, – ասել է Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսը, - մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր գործակցությունը և իմ այս այցը փաստում է հարավկովկասյան տարածաշրջանի կարևորությունը»:


Ռեյ Մեյբուսը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 75-րդ քարտուղարն է: Որպես ռազմածովային ուժերի քարտուղար նա ղեկավարում է ամերիկյան նավատորմի և ծովահետևակային կորպուսի գործունեությունը, պատասխանատու է 150 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել կազմող բյուջեի ու շուրջ 900.000 հոգի կազմող անձնակազմի համար: Ռեյ Մեյբուսն այս պաշտոնում նշանակվել է նախագահ Օբամայի կողմից 2009թ.-ին: