Բուլղարիայում ցուցարարները պահանջում են խստորեն պատժել իսլամական քարոզիչներին
Բուլղարիայի հարավում` Պազարջիկ քաղաքում հարյուրավոր ազգայնականներ են հավաքվել և պահանջում են խիստ պատիժ սահմանել 13 կրոնական առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են ծայրահեղ Իսլամ քարոզելու մեջ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Դատարանի շենքի առջև հավաքված ցուցարարները ձեռքներին պահել են պաստառներ՝ «Մեր կրոնը Բուլղարիան է» և «Խիստ պատիժ ֆանատիկոսներին» կարգախոսներով:
Նրանցից ոչ հեռու հավաքվել են մոտ 100 մուսուլմաններ, որոնք աջակցում են մեղադրյալներին:
Նրանք պնդում են, որ մեղադրյալները միայն ավանդական իսլամ են քարոզել:
Քննչական մարմինների տվյալներով, մեղադրյալները 2008 թվականից սկսած մինչև 2010 թվականը զբաղվել են արգելված գործունեությամբ:
Եթե քարոզիչները մեղավոր ճանաչվեն, ապա նրանց մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում:










