Բողոքի ցույց. ՀՀ-ում ՌԴ դեսպանից պահանջում են միջամտել Ռուսաստանում հայ երիտասարդների դեմ հարուցված անհիմն գործին (ֆոտո, վիդեո)
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև այսօր բողոքի ցույց անցկացվեց՝ ի պաշտպանություն Հայաստանի երկու քաղաքացիների, որոնց, ըստ ցուցարարների, Ռուսաստանում անհիմն կերպով ձերբակալել են և արդեն 7 ամիս է մեկուսացրել են ՝ չունենալով մեղադրական ոչ մի ապացույց:
Ցույցի մասնակիցները, որոնց թիվը մի քանի տասնյակի էր հասնում, ձերբակալվածների՝ Համլետ Ալեքսանյանի և Էդգար Մարտիրոսյանի, հարազատներն էին, որոնք եկել էին Լոռու և Արագածոտնի մարզերից: Նրանք դեսպանից խնդրում էին միջամտել՝ արդար դատաքննություն անցկացնելու համար:
Էդգար Մարտիրոսյանի մայրը լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող են 21-րդ դարում նման մեղադրանք ներկայացնել՝ ոչ մի ապացույց չգտնելով: «Հոդված են դրել՝ կողոպուտ և բռնաբարություն, բայց ոչ մի փաստ չունեն ներկայացնելու, միայն առերեսման ժամանակ ասել են՝ « похожа»: Եթե իմ երեխան անմեղ է ինչո՞ւ են պահում, եթե կապ ունի, թող օրենքով դատեն»,- ասաց Սիլվարդ Մանուկյանը:
Էդգար Մարտիրոսյանի մորեղբայրը Արմեն Մանուկյանը ներկայացրեց դեպքը՝ նշելով, որ նախնական մեղադրանք ներկայացրել են 4 երիտասարդի դեմ, բայց քանի որ երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, նրանց ազատ են արձակել, իսկ մյուս երկուսին մեղադրել են ավազակային հարձակման և բռնաբարության հոդվածով:
«Երեխաներին բռնել են երկու մարմնավաճառների ցուցմունքով, որոնք, ինչպես նշված է՝ եղել են հարբած վիճակում: Նախնական մեղադրանքով, իբր թե, եղել է բռնաբարություն կողոպուտով, բայց երբ տղաների փաստաբանը պահանջել է դատաբժշկական փորձաքննություն բռնաբարության համար, բռնաբարության մեղադրանքից հրաժարվել են և մնացել է միայն կողոպուտը»,- ասաց մորեղբայրը և նշեց, որ դեպքի մասին ոստիկանությանը տեղեկացնելու և ձերբակալելու տարբերությունն ընդամենը 10 րոպե է եղել:
Բացի այդ, ըստ նրա, աղջիկներից մեկն ասել է, թե տղաները 6-ն են եղել, իսկ մյուսը՝ 4-ը: «Այսինքն, այստեղ էլ անհամապատասխանություն է եղել: Հիմա գործը հասել է նրան, որ փաստ չկա, բայց ոչ էլ տղաներին ազատում են»,- ասաց նա:
Նրանք դեսպանատան մոտ էին եկել բողոք նամակներով: «Ռուսաստանի դեսպանից ակնկալում ենք, որպեսզի միջամտի գործին և հետամուտ լինի արդարացի լուծմանը, արդեն 7 ամիս է, մեկուսարանում են, ամեն ամիս տանում են հարցաքննության, փաստ չեն գտնում ու հետ են տանում»,- ասաց Արմեն Մանուկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բացի այս ակցիայից, նման մի ցույց էլ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան առաջ են անցկացրել, որտեղից խոստացել են հետամուտ լինել, բայց, ըստ նրա, ոչ մի քայլ էր չի ձեռնարկվում:
Համլետ Ալեքսանյանի բարեկամուհին`Նորա Մելիքսեթյանը նշեց, որ մի քանի նամակներ են հասցեագրել, Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, Ռուսաստանի հայերի միության նախագահին, ՀՀ նախագահին, բայց ոչ մի պատասխան չեն ստացել:
Ի դեպ, ցուցարարներից մի քանիսին դեսպանատանն ընդունել են և լսել վերջիններիս բողոքը:










