Սիրիայում սպանվել է ռազմաօդային ուժերի հրամկազմի առանցքային գեներալներից մեկը
Սիրիայի ՌՕՈւ գեներալ Աբդալահ Մահմուդ ալ-Խալիդին սպանվել է Դամասկոսի հյուսիսային հատվածում, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Syria հեռուստաալիքին:
Երկրի անվտանգության ծառայություններից աղբյուրը հաղորդել է, որ սպանությունը տեղի է ունեցել դեռ երկուշաբթի երեկոյան, երբ ընկերոջը այցելելու գնացած գեներալը տուն էր վերադառնում:
Ըստ հեռուստաալիքի, ալ-Խալիդին, ով սիրիական ՌՕՈՒ-ում առանցքային դերակատարներից էր, «պետության համար շատ կարևոր դեր էր խաղում»:
Սիրիական ընդդիմադիրները հայտարարել են, որ սկսել են գրոհել օդանավակայանները և հետապնդել օդաչուներին այն բանից հետո, երբ կառավարական զորքերը սկսեցին ակտիվորեն օդուժ կիրառել քաղաքացիական պատերազմում:
Տեղական վերլուծաբանները նշում են, որ ընդդիմության գրոհայինները նպատակադրված սպանում են քաղաքացիական և ռազմական ավիացիայի ոլորտի մասնագետներին: Եվ նույնիսկ եթե Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվեն հենց այսօր, քաղաքացիական և ռազմական ավիացիայի ոլորում երկրի կորցրած պոտենցիալը վերականգնելու համար ավելի քան 10 տարի կպահանջվի:










