ԱՄՆ Պետդեպն Ուկրաինայի ընտրությունները «մեկ քայլ հետ» է անվանել

11:19 • 30.10.12

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շաբաթ անցկացված Գերագույն ռադայի ընտրությունները «մեկ քայլ հետ» է համարում նախորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների համեմատ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը


Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է, որ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության օգտին վարչական լծակներ են կիրառվել, խոչընդոտվել է լրատվամիջոցների աշխատանքը և ճնշումներ են գործադրվել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։

«Մենք անհանգստացած ենք քվեարկության ժամանակ գրանցված խախտումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և զուգահեռաբար իրականացված քվեաթերթիկների հաշվարկների նախնական տեղեկությունների անհամապատասխանությամբ»,- ասել է Թոները։

Նրա խոսքով՝ այս ընտրություններն Ուկրաինայի համար չեն կարող առաջընթաց համարվել «անկախ, բարգավաճ ու ժողովրդավարական» երկիր դառնալու ճանապարհին։

 

ԵԱՀԿ դիտորդները նույնպես դժգոհ են ընտրություններից։ «Դրանք անցկացվել են ոչ թափանցիկ մթնոլորտում, անհավասար մրցակցային պայմաններում»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։


 Ներկայիս դրությամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ ստացվել է քվեաթերթիկների 86,78% -ի արդյունքները. իշխող «Ռեգիոնների կուսակցություն»-ը շարունակում է առաջատար լինել՝ հավաքելով 31,85% քվե, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցությունը 24,20% քվեով երկրորդն է։

Ռադա են անցնում նաև Կոմիունիստական կուսակցությունը(13,89%), բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ»-ը (13,46%), «Ազատություն»-ը (9,60%)։