«Ազատ Վրաստանը» ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում ձեռնպահ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց

22:00 • 30.10.12

Վրաստանի իշխող կոալիցիայի անդամ «Ազատ Վրաստան» կուսակցությունը ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում ձեռնպահ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց, հաղորդում է Грузия Online-ը:


Կուսակցության քաղաքական քարտուղար Թենգիզ Օմանիձեի հայտարարության համաձայն, «Ազգային շարժման» ղեկավարման պայմաններում Վրաստանում այնպիսի միտում էր տարածված, երբ ցանկացած հարց նախ ԱՄՆ դեսպանատան հավանությանն էր արժանանում և միայն դրանից հետո դրվում ներքին կրառման մեջ:
 

«Նման պրակտիկա էր կիրառվում նաև նվազ կարևոր օրենսդրական փոփոխությունների պարագայում: Այդպիսի հարաբերությունները, ինչպես կենտրոնական իշխանության հասցեին, այնպես էլ «ռազմավարական գործընկերության» քաղաքականության մասով, վրացական հասարակության կողմից արժանի բողոքի է արժանացել: Նման փոխհարաբերություններ են նկատվել նաև հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո:
 

Հասկանալի է, որ նոր իշխանությունները ևս ԱՄՆ-ին դիտարկում են որպես ռազմավարական գործընկեր, սակայն դիվանագիտական էթիկայում կան նվազագույն նորմեր, որոնք տարածվում են ընկերների վրա:


Կարծում ենք, որ նման հայտարարությունները և գործողությունները, որոնք վերջին շրջանում տեղ են գտնում ԱՄՆ դեսպանատան կողմից, տվյալ էթիկայի խախտում են հանդիսանում:


Ցանկանում ենք շեշտել, որ «Ազատ Վրաստանի» համար անընդունելի է ցանկացած դեսպանատան միջամտությունը Վրաստանի ներքին գործերին:


Հույս ունենք, որ ինչպես ԱՄՆ պաշտոնական անձիք, այնպես էլ Վրաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախորդ իշխանությունների սխալները, որոնք իրենց իշխանության ժամանակ վրացական հասարակության մեջ այնպիսի մտայնություն ստեղծեցին, թե մեր երկիրը միայն անվանապես է անկախ և պարբերաբար կառավարվում է Վաշինգտոնից ստացված դիրեկտիվներով», - հայտարարել է Օմանիձեն: