Հելոուինն օկուլտիզմ է քարոզում. Լեհաստանի կաթոլիկ եկեղեցի
Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին զգուշացնում է իր հետևորդներին այն մասին, որ Հելոուին տոնը ներկայում ձեռք է բերել օկուլտիզմի ծեսերի նշաններ, հայտնում է BBC-ն։
Եկեղեցու պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին բազմաթիվ երկրներում նշվող Բոլոր սրբերի տոնը կարող է հակասել կաթոլիկ և քրիստոնեական դրույթներին։
Ինչպես հայտարարել է արքեպիսկոպոս Անջեյ Դզենգան, թույլ տալով երիտասարդներին նշել Հելոուինը՝ մեծերը դուռ են բացում հեթանոսական համոզմունքների առջև։ Նրա խոսքով՝ այս տոնը կապված է «մահվան պաշտամունքի» հետ։
Լեհաստանում Բոլոր սրբերի տոնը նշվում է նոյեմբերի 1-ին։ Այդ օրը հիշում են բոլոր մահացած հարազատներին և մտերիմներին, այցելում նրանց շիրիմներին, զարդարում դրանք լապտերներով։










