Փոթորկի պատճառով ԱՄՆ-ում 6 մլն մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել. 911-ը չի հասցնում արձագանքել զանգերին
ԱՄՆ-ի ափերին հասած «Սենդի» փոթորկի պատճառով էներգամատակարարումից զրկվել է շուրջ 6 մլն մարդ, տեղեկացնում է BBC-ն։
Թեև հիմնական ուշադրությունը սևեռվել է Նյու Յորքի վրա, սակայն «Սենդի»-ն էական վնասներ է հասցնում նաև այլ նահանգներին։ Որոշ նահանգներում եղանակային չափազանց վատ պայմաններ են ստեղծվել։ Մերիլենդ նահանգում մոտ 70 սմ հաստությամբ ձյուն է տեղացել, Արևմտյան Վիրջինիայի լեռներում ձյան շերտը հասնում է 1 մետրի։
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ Մանհեթենի արևելքում գտնվող էլեկտրակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Էլեկտրակայանում այդ պահին եղել է 19 մարդ, որոնց չի հաջողվել դուրս գալ շենքից՝ հեղեղումի պատճառով։
Լուրջ վնաս է կրել Նյու Յորքի մետրոպոլիտենը։ Բազմաթիվ թունելներ ջրով են լցվել։ Քաղաքային տրանսպորտը քաղաքում չի աշխատում արդեն շուրջ մեկ օր։
911-ը չի հասցնում արձագանքել զանգերի տարափին։ «Զանգերի մեծ քանակությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ արտակարգ իրավիճակների ծառայությունները շատ ժամանակ են ծախսում մարդկային կյանքին չառնչվող հարցերին պատասխանելու համար» ,-գրում է New-York Times-ը՝ հղում անելով քաղաքապետ Մայքլ Բլումբերգին։
Կես ժամվա ընթացքում 911-ը շուրջ 10 հազար հաղորդագրություն է ստանում։
ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ամերիկացիներին կոչ է արել հանգանակություն կատարել՝ փոթորկից տուժածներին օգնելու համար։
«Կխնդրեի բոլորիդ մտածել Կարմիր խաչին կամ այլ բարեգործական կազմակերպության գումար նվիրաբերել, որպեսզի ինչ-որ կերպ օգնեք տուժածներին»,-Օհայո նահանգում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Ռոմնին։
Փոթորիկն ազդել է նաև ԱՄՆ նախագահի թեկնածուների օրակարգի վրա. հետաձգվել են մի շարք նախընտրական հանդիպումներ։
Հաղորդվում է, որ փոթորկի կենտրոնը Նյու Յորքից տեղափոխվել է Նյու Ջերսի։ Քամու արագությունն այս պահին 130 կմ/ժամ է։










