Վերաբացվել է Հանրապետական հիվանդանոցին հարող այգին (լուսանկարներ)
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն արդեն ունեն խնամված, կանաչապատ, ծաղիկներով լի այգի, որտեղ վերանորոգվել է նաև լողավազանն ու չգործող շատրվանները: Այն գտնվում է Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում:
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այգի էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջեց այգով և ծանոթացավ կատարված բոլոր աշխատանքներին:
Քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի քաղաքականությունը հետևյալն է՝ Երևանը պետք է համաչափ զարգանա, և բոլոր վարչական շրջանները պետք է ունենան փոքր կենտրոններ:
Նա նշեց, որ 2012թ-ին ևս 4 վարչական շրջաններում կբացվեն նման փոքր կենտրոններ: Տասնյակ տարիներ անց Աջափնյակի այգու վերանորոգումը և հանձնումը բնակիչներին քաղաքապետը համարեց տարվա ամենամեծ նվերը երևանցիներին:
«Նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական: Հաջորդ տարիներին մյուս վարչական շրջաններում ևս մենք կունենանք նմանատիպ կենտրոններ: Մենք պետք է մեր համաքաղաքացիներին խնդրենք, որ պահպանեն, քանի որ այն իրենցն է: Իհարկե այն միշտ գտնվելու է մեր հսկողության տակ, բայց քաղաքացիների աջակցությունը անհրաժեշտ է»,- ասաց նա:
Քաղաքապետը վստահեցրեց, որ նման վերակարգման աշխատանքներին անձամբ է հետևում և շինհրապարակ այցել է 10-15 անգամ: Նա ընդգծեց, որ քաղաքացիների կարծիքները ևս հաշվի են առնվել:
Այգում կա մի շինություն, որի վրա փակցված է Հայաստանում գործող բանկերից մեկի գովազդը: Սակայն քաղաքապետը նշեց, որ որևէ բանկի մասնաճյուղ այգում չի բացվելու:
«Դեռևս չգիտենք, թե ինչ կլինի, բայց սեփականատիրոջ հետ բանակցում ենք, որ լինի մի բան, որը կծառայի նաև այգուն»,- ասաց Տարոն Մարգարյանը։
Նշենք, որ այգում կառուցվել է երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, տեղադրվել նստարաններ, կատարվել է բուսահողի և կարմիր ավազի լիցք, բարեկարգվել արահետները: Հանգստյան գոտու լուսավորման նպատակով տեղադրվել են ձևավոր էլեկտրասյուներ:










