Նոր բյուջեով ՀՀ քաղաքացին ավելի լավ չի ապրելու. Արծվիկ Մինասյան
Բյուջե 2013-ի նախագիծը չի պատասխանում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերի լուծման խնդիրներին, և, բնականաբար, գալիք տարվա գլխավոր տնտեսական նախագծով՝ ՀՀ քաղաքացին ավելի լավ չի ապրելու, քան 2012, 2011 թվականներին՝ չնայած երկու տարվա գումարային 13 տոկոս աճին, Tert.am–ի հետ զրույցում նման գնահատական տվեց Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Երկրորդ սկզբունքային խնդիրն այն է, որ բյուջեն համահունչ չէ միջազգային մրցունակության բարձրացման հայտարարված քաղաքականությանը և երրորդ՝ այն չի արտացոլում հանրության առջև ծառացած մարտահրավերների լուծումը: Մասնավորապես, ԼՂՀ-ին հատկացվող միջոցները շարունակում են խիստ փոքր մնալ, ինչը խոչընդոտում է նաև ակտիվ վերաբնակեցման ծրագիր իրականացնելուն»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գխավորությամբ ԱԺ էր բերել Բյուջե 2013-ի նախագիծը, և քննարկումների ընթացքում ավելի շատ ներկայացվեց ՀՀ կառավարության պատկերացումը Հայաստանի տնտեսության, սոցիալ-տնտեսական զարգացման մասին, և այդ համատեքստում՝ բյուջեի կազմման սկզբունքները:
Ըստ Արծվիկ Մինասյանի մյուս սկզբունքային խնդիրն այն է, որ չնայած բյուջեն որակվում է ծրագրային, սակայն այդպես էլ չկա արդյունքային ցուցանիշ, թե բյուջեի կատարման ընթացքում որքան աշխատատեղեր են ստեղծվելու, որքան է նվազելու աղքատությունը, որքան է լինելու միջին աշխատավարձը, և ինչ ակնկալիք կարող է ունենալ ՀՀ միջին քաղաքացին:
Ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի, թե արդյոք սպասվող գնաճի պայմաններում սպասվում է աշխատավարձի բարձրացում, Ֆինանսների նախարարն ասել էր, որ Հայաստանում, ինչպես և զարգացող ու զարգացած շատ երկրներում, աշխատավարձերի բարձրացումը գնաճով չի պայմանավորվում:
«Ակնհայտ է, որ պարոն նախարարը անընդհատ մեջբերումներ է անում զարգացած երկրներից, որոնց հետ Հայաստանի համեմատելը առնվազն պրոֆեսիոնալ տեսակետից կոռեկտ չէ: Զարմանալի է, երբ խոսում է զարգացած երկրների եկամտային քաղաքականությունից այն դեպքում, երբ ՀՀ բնակչության՝ պաշտոնապես 36 և ոչ պաշտոնապես՝ 80 տոկոսը աղքատության գծից անդին է ապրում»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրները հաղթահարել են այդ խնդիրը:
Եվ մյուս կողմից, ըստ պատգամավորի, հայտնի է, որ զարգացած երկրներում մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն հավասար է 30 000 եվրոյին և անցնում է այդ ցուցանիշը, մինչդեռ Հայաստանում այն չի հատում նույնիսկ 3 000-ը:
Երեկ ոլորտային ներկայացումների ժամանակ պատգամավորները կառավարությանը հարց են ուղղել, թե սպասվու՞մ է արդյոք ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում։ Պատասխանը, ինչպես և սպասվում էր, բացասական էր:
Եվ թեև Գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը հայտարարում են բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այդուհանդերձ ամեն տարի հայտարարվում է, որ այս ոլորտներում աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: Նշված ոլորտների պատասխանատուները լրագրողների հետ զրույցում անկեղծորեն նշում են (ինչպես առողջապահության նախարարի դեպքում), որ իրենց աշխատավարձերը խայտառակ ցածր են: Այդ դեպքում ինչո՞ւ կառավարության ներկայացուցիչները բյուջեն կազմելու ընթացքում վարչապետի առաջ չեն բարձրացնում իրենց սեփական ոլորտների աշխատավարձերը բարձրացնելու խնդիրը:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան այս դիտարկման հիշեցրեց, որ մեր երկրի տիպի կառավարման համակարգում որևէ գերատեսչության ղեկավար ինքնուրույն չէ և, հետևաբար, չի կարող ի ցույց դնել, այսպես ասած, կամքի արտահայտում:
Ըստ Մինասյանի, խորհրդարանական համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում ոլորտային այս «կամարտահայտությունները» սովորական երևույթ են:
Դաշնակցական պատգամավորը նաև հավելեց, որ առանց արժանապատիվ վարձատրության կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող կյանքի կոչվել: Առավել ևս, երբ խոսքը հանրային սեկտորի աշխատակիցների մասին է:
Հայտնի է , որ 1997 թվականից առ այսօր այս գնաճի պայմաններում աշխատավարձերի ինդեքսավորում չի եղել: Ի պատասխան հարցի, թե տնտեսագիտության մեջ կա՞ ինչ-որ միջին թիվ՝ երեք, չորս կամ հինգ տարի, երբ կառավարությունը պետք է և պարտավոր է անել աշխատավարձերի վերաինդեքսավորում, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ Դաշնակցությունը առաջարկել էր օրենքի նախագիծ նվազագույն աշխատավարձի մասին, որում առաջարկում էր ամրագրել, որ գործադրվի նվազագույն աշխատավարձի բանաձև, այլ ոչ թե թիվ ֆիքսվի: Իսկ սա նշանակում է հաշվի առնել գնաճը, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, տնտեսության վիճակը, որն արտացոլում է միջին աշխատավարձը:
Արծվիկ Մինասյանի ամփոփմամբ՝ ինդեքսացիան կիրականացվի այս երեք կոմպոնենտներով, սակայն կառավարությունը հրաժարվում է ընդունել այս մոտեցումը։
«Եթե այս մոտեցումն ընդունվեր, այն կհանգեցներ միասնական աշխատավարձի քաղաքականությանը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի աշխատավարձերի բարձրացումը պետք է համահունչ լիներ վերը նշված երեք բաղադրիչներին: Եվ ամենակարևորը, թեև «Աշխատանքային օրենսգիրքը» գործողության մեջ է մտել 2004 թվականից, և որով նախատեսված է աշխատավարձերի ինդեքսավորման հնարավորություն, առ այսօր Կառավարությունը հրաժարվում է այդ նախագիծը ԱԺ բերելուց»,- ասաց պատգամավորը:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այլ խոսքով՝ կառավարությունը որդեգրել է «աղքատ աշխատող, բարձր արժեք» կոնցեպցիան, որ դատապարտված է ձախողման:










