Վերջին 10 տարում Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է 194 157–ով. ԱՎԾ

16:07 • 31.10.12

Հայաստանի Հանրապետության 2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն, ՀՀ 2001թ. մարդահամարի համեմատությամբ, առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը, ըստ հաշվառման պահի, նվազել է 130 823 մարդով, իսկ մշտական բնակչությանը` 194 157 մարդով, այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ով ամփոփում էր 2011 թվականի մարդահամարի նախնական արդյունքները։

 

« Ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական արդյունքների ՀՀ մշտական բնակչության 36.7 % կազմում է գյուղական բնակչությունը, իսկ 63.3 %` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (55.5 %) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին»,– ասաց նա:

 

«Յուրաքանչյուր վարչական միավորի առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է դրանում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից»,- ասաց Կարինե Կույումջյանը:

 

Տվյալները դեռևս համարվում են նախնական և ենթակա են փոփոխության: Ըստ հաշվարկի 2011 թվականին ՀՀ-ում առկա բնակչության թվաքանակը եղել է 2 871 771, իսկ մշտական բնակության թիվը 2011-ի դրությամբ կազմել է` 3 018 854 մարդ: Առավել խիտ առկա բնակեցված ՀՀ մարզը Արմավիրն է` 256 639, իսկ մշտական բնակությամբ այստեղ բնակվում է 265 770 մարդ:

 

Ամենանոսր բնակեցված մարզը Վայոց ձորն է` 47 659 և 52 324 մարդ` համապատասխանաբար առկա և մշտական բնակությամբ:

 

Յուրաքանչյուր վարչական միավորի առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է դրանում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

 

Իսկ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ձևավորվել է մարդահամարի ժամանակ տվյալ տարածքում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից:

 

Հայաստանի Հանրապետության 2011թ. մարդահամարի վերջնական արդյունքների (այդ թվում` թվաքանակի, ինչպես նաև այլ բնութագրիչների) հրապարակումը նախատեսված է 2013թ.: