ԱՄՆ-ում հայերի դեմ դատական գործ է սկսվել՝ 1մլն դոլարի բանկային խարդախություն կատարելու մեղադրանքով
Միացյալ Նահանգների 3 քաղաքների՝ Գլենդեյլի, Բըրբանկի և Փասադենայի 5 հայ բնակիչների դեմ դատական գործ է սկսվել ամերիկյան խոշորագույն բանկերից մեկից՝ Citibank-ից, ավելի քան 1 մլն դոլար գողանալու մեղադրանքով, հայտնում է Glendale News Press-ը։
Փասադենայի 33-ամյա բնակիչ Ասատուր Ասատրյանը, Գլենդեյլի բնակիչներ 30-ամյա Արա Հարությունյանը, 24-ամյա Արթուր Հարությունյանը, 59-ամյա Սերյոժա Հարությունյանն ու 53-ամյա Հիլդա Հախվերդյանն այն 14 մեղադրյալների թվում են, ովքեր մասնակցել են բանկային խարդախություններին։
Հարկ է նշել, որ խարդախությունների սխեմայի գլխավոր «ճարտարապետը» 29-ամյա Արա Քեշիշյանն է՝ Ֆիլմոր քաղաքից։ Համաձայն Սան Դիեգոյի դաշնային դատարանի պաշտոնական մեղադրանքի՝ երիտասարդը ներգրավել է նշված անձանց Citibank-ում իրենց անունով հաշվեհամարներ բացելու համար։
Քեշիշյանն իր հանցակիցներին ապահովել է 9-10 հազար դոլարի չափով գումարով, որոնք էլ դրվել են հաշվեհամարների վրա։ Գումարների ներդրումից հետո, նրանք այցելել են Հարավային Կալիֆոռնիայի և Նևադայի խաղատներ և, օգտագործելով իրենց բանկային քարտերը, կանխիկ գումարներ հանել խաղատներում գործող Global Cash Access կանխիկ գումար տրամադրող կրպակներից։
Այս կանխիկացումներն արվել են ընդամենը 60 վայրկյանի ընթացքում և իրականացվել 2009 թ.-ի մայիսից մինչ 2010 թ.-ի հունվարը։
Ներկայում Ասատրյանին ու գլենդեյլաբնակ մյուս մեղադրյալներին սպառնում է 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք։ Սակայն մեղադրյալներից ոչ մեկ, այդ թվում նաև Բըրբանկի 37-ամյա բնակիչ Սարգիս Մուշիդյանը, իրենց մեղավորությունը չեն ընդունել։ Ինչ վերաբերում է Մուշիդյանին, ապա նա 20 հազար դոլար գրավի դիմաց ժամանակավորապես ազատ է արձակվել։
Այս գործով Սան Դիեգոյի դաշնային դատարանի հաջորդ լսումը տեղի կունենա գալիք ամիս։










