Բուհերում ընթանում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի 1-ին փուլը
Մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը։ Այն կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը։
Համաձայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության, մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական), և չորս ոլորտներով՝ գիտահետազոտական աշխատանք (հումանիտար, բնագիտական, տեխնիկական), ստեղծագործական աշխատանք (մշակույթ, արվեստ, գրականություն), ուսանողական ինքնակառավարում, սպորտ։
Մրցույթի առաջին՝ ներբուհական, փուլը կավարտվի նոյեմբերի 15-ին։ Այնուհետև բուհերում հաղթողների փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ մրցութային հանձնաժողով:
«Լավագույն ուսանող» մրցույթի անցկացման նպատակն է՝ բացահայտել և խրախուսել այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, ինչպես նաև խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում։
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հատուկ դիպլոմներով, ինչպես նաև՝ դրամական մրցանակներով։










