Հալեպում դիպուկահարի գնդակից կրկին հայ է զոհվել
Հալեպում նախօրեին դիպուկահարի գնդակից դարձյալ հայ է սպանվել։ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել վերջերս հրկիզված Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում։
Զոհվածը, ում հուղարկավորությունն արդեն կայացել է, 1980թ.-ին ծնված Ջորջ Քաբբանջյանն է։
Tert.am-ի Հալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Հալեպում էական խափանումներով են գործում թե՛ քաղաքային, թե՛ բջջային հեռախոսակապը, ինտերնետը գրեթե չի գործում։
Դեռևս տեղեկություններ չկան Բեյրութից Հալեպ ճանապարհին կանգնեցված ավտոբուսից առևանգված 7 հայի մասին։ Նրանց ազատ արձակելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ըստ շրջանառվող լուրերի՝ 7 հայերի առևանգումից մեկ օր անց դարձյալ երկու հայեր էին առևանգվել, որոնց, սակայն, ժամեր անց ազատ են արձակել։
Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում երեկ գիշեր և այսօր առավոտյան դարձյալ փոխհրաձգությունների և հրթիռակոծության ձայներ են լսվել, սակայն այս պահին հայկական թաղամասերում համեմատաբար հանգիստ է։










