Ամերիկյան CNN հեռուստաալիքի շտաբ-բնակարանում ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում CNN հեռուստաալիքի գլխավոր մասնաշենքում սակրավորները պայթուցիկ սարք չեն հայտնաբերել, հայտնում է Associated Press գործակալությունը։
Ուրբաթ առավոտյան անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, թե հեռուստաալիքի շենքում «քիմիական ռումբ» է գտնվում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ և ոստիկաններ։ Իրավապահները շղթայել են CNN-ին պատկանող շենքը, որտեղ գտնվում են ռեստորաններ, հյուրանոցներ և գրասենյակներ։
«Ստուգման արդյունքում պայթուցիկ սարք կամ վտանգավոր քիմիական նյութեր չեն հայտնաբերվել»,- լրագրողներին հայտնել է Ատլանտայի ոստիկանության մամուլի քարտուղար Քիմ Ջոունսը։










