Գերմանացի թոշակառուն «քրջի շուկայից» պատահաբար 2.5 մլն եվրոյանոց նամականիշ է ձեռք բերել

17:27 • 02.11.12

Գերմանացի թոշակառու Ռայնհոլդ Հոֆմանին, անկասկած, կարելի է հաջողակ աստղի տակ ծնված մարդ համարել, քանի որ նա միանգամայն պատահական դարձել է 2.5 մլն եվրո արժողությամբ նամականիշի տեր, հայտնում է РИА-Новости-ն։

 

Հոֆմանն այդ «գանձը» հայտնաբերել է իր քաղաքացիական կնոջ կողմից Դրեզդենի հնոտիների շուկայից գնված փոստային նամականիշերով լի 2 կգ-ոց տոպրակի մեջ։ Տանն ուսումնասիրելով ընդամենը 20 եվրոյով գնած նամականիշերը՝ Հոֆմանի ուշադրությունը գրավել է նմուշներից մեկը, որն ակնհայտորեն տարբերվել է մյուսներից։ Այն ստեղծվել է 1861 թ.-ին, իսկ դրա վրա պատկերված է ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Ֆրանկլինը։

 

Թոշակառուն, ով որոշակի պատկերացում ունի ֆիլատելիայից (նամականիշերի ուսումնասիրություն), անմիջապես գլխի է ընկել, որ այն հազվագյուտ է և կարող է մեծ արժեք ունենալ։ Որոշ ժամանակ անց նա հանձնել է նամականիշը մասնագետներին, ովքեր էլ հաստատել են դրա իսկությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում պահպանվել է այս նամականիշից ընդամենը 2 նմուշ, այս մեկի գինը գնահատվել է 2.5 մլն եվրո։

 

Ներկայում նամականիշը պահվում է բանկում, և թոշակառուները դեռևս չգիտեն, թե ինչպես են վարվելու միլիոնների հետ, եթե այնումենայնիվ որոշեն վաճառել իրենց «գանձը»։

 

Սակայն նախքան վաճառքի հանելու թույլտվություն ստանալը, իրենց եզրակացությունը պետք է հայտնեն նաև ամերիկացի մանագետները։