ԵՊՀ առանձին ֆակուլտետներում սահմանափակվում են բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը. ՄԻՊ

15:52 • 02.11.12

Մարդու իրավունքների գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Երևանի պետական համալսարանի առանձին ֆակուլտետներում կոնկրետ մասնագիտությունների համար անվճար տեղեր չեն նախատեսվում, ինչը հակասում է Սահմանադրությանը։

 

ՄԻՊ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.



«Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։

 

Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:

 

Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տաս տոկոսի սահմաններում:

 

Այս խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։


Այդուհանդերձ, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը»։