Նյու Յորքի քաղաքապետն աջակցում է Բարաք Օբամայի թեկնածությանը
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի աջակիցների թիվն ավելացել է ևս մեկ կարևոր անձով, ում կարծիքը կարող է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքի վրա։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով ոչ Դեմոկրատական, ոչ Հանրապետական կուսակցությունից չէ, հայտարարել է, որ աջակցում է Օբամայի թեկնածությանը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Իր որոշումը Բլումբերգը բացատրել է այն հանգամանքով, որ վերջին օրերին դեմոկրատ Օբաման կարողացել է ապացուցել, որ պատրաստ է ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխության խնդրին, որը, ըստ քաղաքապետի, դարձավ ԱՄՆ-ի Արևելյան ափին պատուհասած «Սենդի» փոթորկի առաջացման պատճառներից մեկը։
70-ամյա միլիարդատիրոջ հայտարարությունը շատ անսպասելի է եղել, քանի որ ավելի վաղ նա խիստ քննադատության է ենթարկել ինչպես Օբամային, այնպես էլ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիին, ենթադրելով, որ նրանցից և ոչ մեկը չի կարող արդյունավետորեն զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմամբ։
Նյու Յորքի քաղաքապետն ընդգծել է, որ իր որոշման վրա ազդել է այն փաստը, որ գործող նախագահն աջակցում է հղիության արհեստական ընդհատմանն ու միասեռականների ամուսնությանը։ Այս երկու խնդիրներին լիբերալ Բլումբերգը հատուկ նշանակություն է տալիս։










