Ուկրաինայում ընդդիմության և հատուկջոկատայինների միջև բախումներ են տեղի ունեցել
Ուկրաինայի Նիկոլաևսկի շրջանի Պերվոմայսկ քաղաքում՝ ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, գիշերը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և հատուկջոկատայինների միջև։
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռետինե մահակներ են կիրառել։
«Բերկուտ» հատուկ գնդի ծառայողները եկել են տանելու խորհրդարանական ընտրությունների վերահաշվված քվեաթերթիկների մասին արձանագրությունները, սակայն մի քանի տասնյակ ընդդիմադիրներ թույլ չեն տվել։ Դրանից հետո հատուկջոկատայիններն ուժ են կիրառել։ Ընդդիմությունն իր հերթին փակել է ճանապարհները։
Երկու օր առաջ մարզում հաղթող է ճանաչվել պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր Արկադի Կորնացկին, սակայն ավելի ուշ այդ տվյալները փոփոխվել են, ինչն էլ շարժել է ընդդիմադիրների զայրույթը։
Գերագույն ռադայի ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 28-ին, որի նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ռեգիոնների կուսակցություն»-ը։










