Անհայտ մակնիշի մեքենան հարվածել է «Մերսեդեսին», որն էլ վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու
Արտակարգ իրավիճակներ նախարարություն նոյեմբերի 3-ին՝ ժամը 08.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է բուժօգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վերաբերյալ տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես ML 600» մակնիշի 85NM555 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Վ.Շահինյան ծնվ. 1967թ.), վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966թ. ծնված Վարուժան Շահինյանին:
Լ. Բաղրամյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը` Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, առողջական վիճակը գնահատվել է բավարար:










