Թուրքիան Ցեղասպանության 100-ամյակին նայում է որպես ֆուտբոլային խաղի. Տիրան Լոքմագյոզյան
Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Թուրքիան հաշվարկում է հայերի քայլերը, որ իր անելիքն իմանա ու 100-ամյա տարելիցին նայում է որպես ֆուտբոլային խաղի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ակoս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը, ով երկար տարիներ ապրել է Թուրքիայում:
«Թուրքիան մտածում է, թե 2015-ի համար ամբողջ հայությունը մեծ նախապատրաստություններ է տեսնում: Սրան իրենք նայում են, որպես ֆուտբլային խաղի՝ ով ում կհաղթի»,– ասաց նա:
«Իրենք ուզում են հաղթած դուրս գալ կամ գոնե չպարտվել: Մտածում են, որ պետք է հակազդեն հայերի պատրաստություններին: Ուզում են մի քանի գոլ խփեն»,- ավելացրեց նա և ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100 ամյակին ոչ թե նրանք են պատրաստվում, այլ մտածում են, որ մենք ենք պատրաստվում:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամության հնարավոր ստեղծմանը, նա նշեց, որ այդ բարեկամությունը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում:
«Թուրքիան մտածում է, որ բարեկամություն կարելի է ստեղծել Հայաստանին պարտադրելով իր ցանկությունները՝ ընդունել Թուրքիայի նախապայմանները, մոռանալ Ցեղասպանությունը, Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել: Այո, եթե այս բաները Հայաստանը անի՝ շատ լավ հարաբերություններ կստեղծվեն: Բայց դա ձեռնտու չի լինի Հայաստանին»,- ասաց նա:
Հարցին, թե ինքը գո՞հ է ՀՀ-ի կողմից տարվող արտաքին քաղաքականությանը, նա նշեց, որ ինքը մի շարք բացթողումներ է տեսնում, ինչն, ըստ նրա, ունի տարբեր պատճառներ:
«ՀՀ արտաքին քաղաքականությունն այսպես է՝ տեսնենք ուրիշներն ինչ կանեն, հետո մենք կտեսնենք ինչ անենք: Թուրքիայի հետ վարած քաղաքականությունը շատ վատ է: Հայաստանը չունի ինքնուրույն քաղաքականություն: Նախագահներն իրենց կարծիքն են ներկայացնում, վարչապետը՝ իր, նախարարները՝ իրենց, գիտնականները՝ իրենց»,- ասաց նա:










