Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տա. ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2013-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հրաժարական չի տա։ Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հ. Աբրահամյանը հրաժարական չի՞ տալու, քանի որ երեկ Գործադիր մարմնի նիստում որոշվել է, որ 2013-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 1-ին՝ ԱԺ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից գրեթե վեց ամիս առաջ, Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց՝ գլխավորելով «Հայաստանի Հանրապետական կուսակցության» նախընտրական շտաբը:
Կուսակցության խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանն այն ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ՀՀ նախագահին առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:
Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ այն ժամանակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, իսկ հիմա՝ ոչ, Գոհար Պողոսյանն ասաց. «Որովհետև խորհրդարանի ղեկավարն այն ժամանակ ղեկավարում էր խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի նախընտրական շտաբը»:










