Մոսկվան Վրաստանից հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր է ակնկալում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը վրացական իշխանություններից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինպես հայտնում են ռուսական լրատվամիջոցներից, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Զուրաբ Աբաշիձեի նշանակումը։
«Աբաշիձեի գործունեության վերաբերյալ որևիցե կանխատեսում անելը, կարծում եմ, անտեղի է։ Կասեմ միայն, որ մեզ մոտ նրան գիտեն որպես մեր երկրում դեսպան աշխատած անձի։ Նա լավ գիտի Ռուսաստանը»,- ասել է Լուկաշևիչը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հատուկ ներկայացուցչի աշխատանքն օգնել երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերի գծով հատուկ ներկայացուցչի մասին հայտնի էր դարձել հինգշաբթի։










