Դևիդ Քեմերոնն այցելում է Պարսից ծովածոցի երկրներ. այցը սկսվել է Դուբայից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Դուբայ, որտեղ նախատեսում է զբաղվել Պարսից ծոցի երկրների հետ ռազմական և առևտրային կապերի ամրապնդմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նրան ուղեկցում է երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը։ Դուբայից հետո նրանք կայցելեն Սաուդյան Արաբիա։
Սա վարչապետի պաշտոնում Քեմերոնի երկրորդ այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիա։
Մեծ Բրիտանիան հույս ունի պայմանագիր կնքել Typhoon տեսակի կործանիչների վաճառքի վերաբերյալ, չնայած որ մամուլում շարունակվում են հաղորդագրություններ հայտնվել այդ երկրներում մարդկանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ։
Վարչապետի ներկայացուցիչներն ասում են, որ Լոնդոնը հույս ունի ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային վաճառել մոտավորապես 100 Typhoon կործանիչ, ինչպես նաև ամրապնդել կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։










