Ի՞նչ են արել նախագահի թեկնածուները, որ ուզում են հայ ազգի թագավոր դառնալ. գնդապետ

16:57 • 05.11.12

ՀՀ-ում նախագահական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց արդեն քննարկվում են հավանական թեկնածուներն ու նրանց սատարելու հարցերը, ասում է «Միջազգային ոստիկանական ասոցիացիայի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ, ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը և ավելացրեց, որ այդ թեկնածուները լավ կանեն նայեն իրենց կենսագրություններ և տեսնեն, թե ինչ են արել ազգի և պետության համար։ 


«Արդեն ամեն մեկն իրեն նախագահի թեկնածու է պատկերացնում, մի հատ թող իր կենսագրությունը թերթի, տեսնի թե ինչ ա արել հայ ազգի, պետության, պետականության կայացման համար, օրենքի, օրինականության համար, որ ուզում ա հայ ազգի թագավոր դառնալ, չեմ հասկանում: Նա պետք է իր անցած ուղին նայի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիշա Սարգսյանը:


Վետերան ոստիկանը հայտարարեց, որ իրենք կանգնած են երկրի նախագահի կողքին։ «Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքական գործիչ են կոչում, և ոչ մի ծառայություն չեն մատուցում ՀՀ-ին՝ ոչ պետականությանը, ոչ օրենքին, գլուխները հավաքեն և հավաքվեն մեկ դրոշի շուրջ, որպեսզի կարողանանք հաղթահարել արտաքին մարտահրավերները»,- ասաց գնդապետը:

 

«Միջազգային ոստիկանական ասոցիացիայի» հայաստանյան մասնաճյուղի նախագահը կարծում է, որ ՀՀ-ում գործող շատ ստորադաս կառույցներ կարիք ունեն «պորտաբույծներից» ազատվելու:


«Մենք նախագահին կոչ կանենք, և կխնդրենք, որ նա կարողանա բոլոր ստորադաս կառույցներում ազատվել բոլոր պորտաբույծներից և անբաններից: Եվ նշանակեն այն մարդկանց, ովքեր հավատարիմ կծառայեն պետությանը և հայ ժողովրդին: Թե չէ ամեն ինչում նախագահին են մեղադրում: Նախագահը բանուգործ չունի, ի՞նչ է, մինչև նրան հասնելը բա էն իշխանիկներն ի՞նչ են անում, որ նախագահն է մեղավոր»,- ասաց Գրիշա Սարգսյանը: