Ադրբեջանը որքան էլ զինվի, միևնույն է, հային հաղթանակ է բերում իր ոգին. hետախույզ

12:44 • 05.11.12

Հետախույզի օրվա առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հետախույզ Վարդան Ենոքյանը, համեմատություն անցկացնելով հայկական և ադրբեջանական հետախուզական խմբերի միջև, ասաց, որ որքան էլ Ադրբեջանը զինվի գերժամանակակից զինտեխնիկայով, միևնույն է, հային հաղթանակ է բերում իր ոգին:

 

Ըստ նրա՝ հետախույզ լինելը հոգու իրավիճակ է, և ինքը դեռ պատանի տարիքում է որոշել դառնալ հետախույզ:
«Յուրաքանչյուր պատերազմում հաղթանակ է բերում մարդու հոգեբանական գործոնը: Ընդհանրապես, հայ ազգը պահպանվել է ու հազարամյակներ կապրի իր ոգու շնորհիվ: Հայ ոգին հաղթել է ու միշտ էլ կհաղթի, իրենց միլիոնավոր ռազմամթերքները ոչ մի ազդեցություն չեն ունենա հայկական ոգու առջև»,- ասաց նա։

 

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամ, նախկին հետախույզ Վովա Վարդանովն իր հերթին ասաց, որ իր համար այսօր հաճելի չէ նշել այս տոնը, քանի որ այն սովետական բանակի օրոք է հիմնադրվել։


«Մենք շատ նշանակալից օրեր ունենք հայկական հետախուզության հիմնադրման հետ կապված: Մենք կարող ենք մեր օրը ունենալ ու նշել: Հետախույզի օրը պետք է ազգային տոնի նման մի բան լինի, քանի որ հետախույզը մեծ հայրենասեր է»,- ասաց նա:

 

Վովա Վարդանովը նշեց, որ հետախույզ պատրաստելը թանկ հաճույք է, և ամեն պետություն դրա հնարավորությունը չունի:
«Մենք մեր դաշնակից Ռուսաստանի հետ ենք պատրաստում հետախույզներ: Մեր ցանկացած ուսանող Ռուսաստանում սովորում է մի գրքով, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների համար: Դա նշանակում է, որ ամեն ինչ չի ասվում նրանց: Սա, իհարկե, բացասական է»,– բացատրեց նա։

 

Այնուհետև նախկին հետախույզն ասաց, որ Ադրբեջանը ամեն ինչ փորձում է սովորել իր ուժերով:
«Ադրբեջանցին ավելի լավ պատրաստվածություն է անցնում: Բայց այստեղ շատ կարևոր է զինվորական ոգին: Եվ փառք Աստծո, նրանք ավելի վախկոտ են: Դա էլ հիմնական պատճառն է, որ մենք ավելի լավն ենք»,- ասաց նա և ընդգծեց, որ դա չի նշանակում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է գումար չծախսի հետախուզության զարգացման վրա: