Բնապահպանության նախարարությունը չի կարողանում հանրային լսումներ անցկացնել Խոսրովի անտառում (լուսանկարներ)

15:43 • 05.11.12

Բնապահպանության նախարարության աշխատակիցները չեն կարողանում հանրային լսումներ անցկացնել Խոսրովի անտառում, քանի որ բնապահպան ակտիվիստները թույլ չեն տալիս: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց բնապահպան ակտիվիստ Գոռ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ քննարկման հարցը անտառում կառուցված ապօրինի շինության հետագա ճակատագիրը որոշելն է: 


Թեև նա Խոսրովի անտառ չի գնացել այսօր, սակայն քաջատեղյակ է բնապահպանների առաջիկա քայլերից:
Tert.am-ի հետ զրույցում Գոռ Հակոբյանը նշեց, որ բնապահպանների վրդովմունքն առաջացրել է այն հանգամանքը, որ թեև Խոսրովի անտառում կառուցված անօրինական շինության մասին առաջինը իրենք են բարձրաձայնել, սակայն հրավիրված չեն լսումներին:

 

«Վերջերս կրկին այդ շինության հարցը բարձրացնելուց հետո (այն պետք է ապամոնտաժվի և ծառայի Խոսրովի անտառի բուն նպատակին)` որպեսզի ցույց տան, թե համագործակցում են բնապահպանների հետ` այսօր համատեղ քննարկում են կազմակերպել: Խնդիրն այն է, որ հրավիրել են միայն բնապահպանական հասարակական կազմակերպությունների: Այս հարցի շուրջ առաջին համաձայնությունը նախարարությունը կայացրել է քաղաքացիական ակտիվիստների հետ»,- ասաց նա:

 

Գոռ Հակոբյանն ընդգծեց, որ ակտիվիստները խնդիրը հստակ են դրել. նախարարությունը իրավունք չունի նման բացառման սկզբունքով աշխատել, և բոլոր նրանք, ովքեր ուզում են մասնակցել լսումներին պետք է ներկա լինեն: «Որևէ մեկը իրավունք չունի սահմանափակել հասարակության իրավունքը»,- ասաց նա:

 

Անդրադառնալով բուն շենքին՝ Գոռ Հակոբյանը նշեց, որ դրա նկատմամբ տարբեր մոտեցումներ ունի նախարարությունը. կամ ապամոնտաժել, կամ օգտագործել այլ նպատակով՝ ստեղծել գիտական կենտրոն:


«Չկա վստահություն պետական մարմնի նկատմամբ, այն տեսանկյունից, որ ինչ-որ ժամանակ հետո այդ գիտական կենտրոնի անվան տակ այն կվերածվի ժամանցային օբյեկտի»,- ասաց նա:


Անտառում գտնվող ակտիվիստների հետ Tert.am-ը չկարողացավ կապնվել՝ հեռախոսակապի բացակայության պատճառով: