ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով գաղտնի բանակցություններ չկան. Լավրով
ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև Սիրիայում ռեժիմի փոփոխության վերաբերյալ որևէ գաղտնի բանակցություն չի եղել։ Այս մասին այսօր Կահիրեում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք երբեք որևէ երրորդ երկրի մասին գաղտնի բանակցություններ չենք վարում, և ԱՄՆ-ի հետ Բաշար ալ Ասադի վերաբերյալ որևէ բանակցություն չենք ունեցել»,-ասել է նա։
Լավրովը նշել է, որ Սիրիայի հարցով հիմնական դերակատարները պետք է իրականացնեն Ժնևի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ «Մենք աշխատում ենք թե՛ Սիրիայի կառավարության, թե՛ ընդդիմության հետ, սակայն հասկանալի պատճառներով մենք ազդեցություն չունենք Սիրիայի ընդդիմության վրա»,-ասել է նա։
Նա միաժամանակ նշել է, թե նրանք, ովքեր ազդեցություն ունեն ընդդիմության վրա, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի միավորեն ընդդիմությանը և գործեն Ժնևի համաձայնագրի հիման վրա։










