Պայթյունների շարք Բահրեյնի մայրաքաղաքում. 2 զոհ

16:00 • 05.11.12

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում պայթյունների շարք է գրանցվել,  ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Աղբյուրը նշում է, որ կատարվածն այդ երկրում արդեն 21-րդ ամիսը ծավալվող հակակառավարական ելույթներն արգելելու արձագանքն է:

 

Ըստ Reuters-ի՝ խոսքը 5 պայթյունի մասին է, որոնց հետևանքով զոհվածները բանվորներ են: Ընդ որում՝ բանվորներից մեկը զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է ոտքով մի կողմ հրել նկատված ռումբը:

 

Պարսից ծոցի այդ երկրի իշխանությունները կատարվածն «ահաբեկչություն» են որակել: Այդ երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ բոլոր ռումբերն ինքնաշեն են:

 

Մեկ շաբաթ առաջ Բահրեյնում արգելվել էին բոլոր տեսակի հանրահավաքները:

2011-ի փետրվարից ի վեր այս երկրում 55 մարդ է զոհվել: