Նոբելյան մրցանակակիրները դասախոսել են հայ երիտասարդների համար

11:39 • 05.11.12

Նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել Նոբելյան մրցանակակիրներ` Թիմ Հանթի և Մարտին Չալֆիի հանրային դասախոսությունները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Մատենադարանի աջակցությամբ։

 

Դասախոսություններին մասնակցել են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված ավելի քան 180 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ:

 

Թիմ Հանթի դասախոսությունը նվիրված է եղել քաղցկեղի հիմնախնդիրներին։ Ըստ նրա՝ այն առավելապես ծերերի հիվանդություն է։ Գիտնականը նշել է, որ անցած մեկ դարի ընթացքում քաղցկեղի որոշ տեսակներ անհետացել են, մասնավորապես՝ ստամոքսի քաղցկեղն այսօր շատ հազվադեպ է հանդիպում։ Փոխարենն աճել են այլ տեսակներ, օրինակ՝ թոքի քաղցկեղը, ինչը մեծապես պայմանավորված է ծխելու հետ։ Նա ողբերգական է համարել, որ ծխողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ կանայք։ Ըստ գիտնականի՝ ծխախոտի ծուխն արտադրում է քիմիական նյութեր, ինչը վնասում է ԴՆԹ-ն։

 

Թիմ Հանթը նշել է, որ քաղցկեղի բուժումն էականորեն բարելավվել է։ Հիվանդության բուժման համար պետք է ազատվել քաղցկեղի բոլոր բջիջներից։ «Եթե քաղցկեղ ունեք, աղոթեք, որ բջիջները հավաքված լինեն մի տեղում, որպեսզի վիրաբույժը պարզապես կտրի-հանի դրանք»,- ասաց Թիմ Հանթը։

 

Իր դասախոսության ընթացքում նա անդրադարձել է քաղցկեղի առաջացման պատճառներին, հիվանդության զարգացման փուլերին, ներկայացրել գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ են կատարել այդ ոլորտում։ Մեծ Բրիտանիան ներկայացնող Թիմ Հանթը բջջի բաժանումը կարգավորող սպիտակուցների՝ ցիկլինների հայտնագործողն է, ինչի համար Լելանդ Հարթվելի և Փոլ Ներսի հետ համատեղ 2001թ. արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։

 

Թիմ Հանթը նշել է, որ Նոբելյան մրցանակ ստանալու լուրն իր համար ցնցող է եղել։ «Նոբելյան մրցանակն այնքան մեծ է, որ որևէ մեկը չի կարող ակնկալել, թե հնարավոր է հասնել դրան։ Երկար ժամանակ չէի հավատում, որ արժանացել եմ այդ մրցանակին։ Ես ունեմ նույն ոլորտում աշխատող շատ գործընկերներ, որ ինձնից ավելի լավ գիտնականներ են, սակայն ես ավելի բախտավոր գտնվեցի, քան նրանք»,- ասել է Թիմ Հանթը։

 

Ամերիկացի գիտնական Մարտին Չալֆին իր դասախոսության ընթացքում անդրադարձել է կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցներին և դրանց անջատման մեթոդին։ Մարտին Չալֆին Օսամու Շիմոմուրայի և Ռոջեր Ցիենի հետ համատեղ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.։

 

Դասախոսություններից հետո գիտնականները պատասխանել են ներկաների հարցերին։


ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում նույն օրը երեկոյան Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Շուրջ 30 երիտասարդ բնագետներ Նոբելյան մրցանակակիրների հետ անմիջական շփման միջոցով քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը, ստացել խորհուրդներ բարձրակարգ գիտնական դառնալու համար անհրաժեշտ հմտությունների վերաբերյալ:

 

Նոբելյան մրցանակակիրները նշել են, որ տպավորված են Հայաստան կատարած այցով։ Նրանք մեծ ներուժ են տեսնում երիտասարդ հայ գիտնականների մեջ։