Փարիզի հանդիպման նպատակը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելն էր. ՀՀ ԱԳ նախարար

16:10 • 05.11.12

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի եռանախագահների՝ Փարիզում կայացած հանդիպման գլխավոր նպատակն էր Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ բերել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

«Դրանից առաջ Կազանում Ադրբեջանը հետ քայլ արեց և ոչ միայն Կազանում, դրանից առաջ՝ Սոչիում, ավելի շուտ՝ Աստրախանում, Սանկտ-Պետերբուրգում, փաստորեն մերժելով եռանախագահների բոլոր առաջարկները՝ կապված ԼՂՀ հարցի կարգավորմանը, և դա ստեղծել էր այնպիսի վիճակ, որ, փաստորեն, Ադրբեջանը մերժում է բանակցային գործընթացը առաջ շարժելու և գնում էր բանակցությունների տապալմանը»,- ասաց նա և ավելացրեց, որ Սաֆարովի արտահանձնման գործարքը ևս մեկ հարված էր բանակցային գործընթացին:

 

«Այսպիսով պետք էր (մի քայլ – Tert.am) անել, որ բանակցությունները շարունակվեն: Հայաստանը հայտարարեց, որ տրամադրված է և վճռական է շարունակելու բանակցությունները, և եթե մեկը կա կողմ ցանկություն ունենալու՝ տապալել այդ բանակցությունները, դա ադրբեջանական կողմն է, և եռանախագահները նախաձեռնեցին վերադարձնել բանակցային սեղանին Ադրբեջանին»,- ասաց նա:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հարցին, թե ի՞նչ է փոխվել Սաֆարովի արտահանումից հետո, ԱԳ նախարարը նշեց, որ որոշ փոփոխություններ կան:


«Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր և կառույց, որը խստորեն չքննադատեց, և իր վրդովմունքը չհայտնեց այդ քայլի նկատմամբ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միակ չփոխված բանը անհրաժեշտությունն է, որպեսզի Հայաստանն ու եռանախագահները պարտադրեն Ադրբեջանին, որ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: