Բեյրութ-Հալեպ ճանապարհին դարձյալ հայ է առևանգվել. նախորդ առևանգվածները ողջ-առողջ են
Բեյրութ- Հալեպ ճանապարհին՝ Իդլիբի մարզի Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, ևս մեկ հայ է առևանգվել։ Միջադեպը տեղի է ունեցել ճիշտ այն վայրում, որտեղ հոկտեմբերի 30-ին կանգնեցվել էր Բեյրութ-Հալեպ ավտոբուսն ու 7 հայեր էին առևանգվել։ Առևանգվածը Սաքո Քոզանյանն է։
Ըստ հավաստի տեղեկությունների՝ առևանգված 7 հայերը ողջ-առողջ են։ Ազատ է արձակվել նրանցից միայն մեկը՝ Ջորջ Ռաբբաթը։ Մյուսներին ազատ արձակելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ազատ են արձակվել բոլոր հայերը, սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ նրանք դեռ տուն չեն հասել։
Զինյալ ընդդիմադիրները նրանց ազատ արձակման դիմաց պահանջում էին ազատ արձակել իրենց 150 բանտարկված ընկերներին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հալեպի հայաշատ «Վիլլաներ»թաղամասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու և Կրթասիրաց վարժարանի մոտակայքում, դարձյալ հայ է զոհվել։
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ին տեղեկացրել էր, որ պատահական փամփուշտից զոհված հայ տղամարդը 1968թ.-ին ծնված Վարդան Խաչատուրյանն է:










