Սևակի դատավարությանը հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստ տալով՝ փորձում են մասնատել Թուրքիան. փաստաբան

18:09 • 05.11.12

Թուրքիայում հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Հիշեցնենք, որ նա սպանվել էր 2011թ.-ի ապրիլի 24-ին։ Սևակի սպանության մեջ մեղադրվում է նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն։
 

Դատավարության ընթացքում Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, ասել է, թե հետևում են և շարունակելու են հետևել դատական գործընթացի յուրաքանչյուր մանրուքի։


Ավելի ուշ խոսել է նաև Սևակի հայրը՝ Կարապետ Բալըքչըն։

«Մենք չենք հավատում, որ մեր տղան զոհվել է կատակի կամ դժբախտ պատահարի հետևանքով։ Քըվանչ Աղաօղլուն ասում է՝ իրեն մեր որդու պես ընդունենք, սակայն նա մեր զգացմունքների հետ է խաղում։ Նման սպանություն գործած մարդը մեր որդին լինել չի կարող։ Աղաօղլուն անարգել է իր կրած զինվորական համազգեստը»,-ասել է նա։

 

Դիմելով դատարանին՝ Կարապետ Բալըքչըն հույս է հայտնել, որ խղճի մտոք որոշում կկայացվի։


Մեղադրյալի դատապաշտպան Իբրահիմ Գյոքը հայտարարել է, թե դատավարությանը հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստ տալով փորձում են մասնատել Թուրքիան։ Նա պահանջել է այսուհետ դատական նիստերն անցկացնել դռնփակ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։


Դատարանը, սակայն, մերժել է փաստաբանի միջնորդագիրը։

 

Նախորդ դատական նիստի ժամանակ Աղաօղլուն ստորագրությամբ բաց է թողնվել։