Casus belli. եթե Ադրբեջանը հարվածի Ստեփանակերտի օդանավակայանին. Դ. Բաբայան
Ստեփանակերտը մտադիր չէ տեղի տալ ադրբեջանական սպառնալիքներին, որ եթե գործարկվի Ստեփանակերտի օդակայանը, ապա իրենք կհարվածեն քաղաքացիական օդանավերին։ Եվ եթե Ադրբեջանը որևէ վնաս պատճառի օդակայանին, ապա դա կլինի casus belli՝ պատերազմ հայտարարելու ֆորմալ պատրվակ:
Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և հավելեց.«Սա կնշանակի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսում: Հետևաբար, Ադրբեջանի նման քայլը կդիտվի ոչ թե պատճառ, այլ առիթ»:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ ցանկության դեպքում առիթ կարելի է գտնել յուրաքանչյուր բանից: Օրինակ՝ «վաղը չէ մյուս օրը Գորիս–Բերձոր մայրուղով ինչ-որ մի մեքենայի գնդակոծելով կամ ռմբակոծելով»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը վստահեցրել է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն չվերթերի անվտանգությունն ապահովելու համար, չնայած ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով սպառնալիքներին` հարվածել Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղուց օդ բարձրացած ինքնաթիռներին:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետդեպարտամենտը ԼՂ հակամարտության կողմերին կոչ էր արել Ստեփանակերտի դանավակայանի վերաբացման հարցում դիվանագիտական լուծում գտնել՝ համապատասխան միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղավիացիայի վերաբերյալ առկա պրակտիկայի։
Ի պատասխան հարցի, թե միջազգային ի՞նչ օրենքներով է կարգավորվում այս դաշտը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ դրանք հիմնականում տեղավորվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, որի ոչ մշտական անդամներ են Ադրբեջանն ու Հայաստանը:
«Կան հիմնարար սկզբունքներ իրավունքներ, որոնք գործում են բոլոր պետությունների համար անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ, թե չճանաչվա՞ծ են: Այսինքն՝ մենք, վերաբացելով օդակայանը, չենք խախտում որևէ միջազգային օրենք ու նորմ. այդ ամենն իրականացվում է մարդասիրական և, առհասարակ, միջազգային իրավունքի շրջանակներում՝ տառին ու ոգուն համապատասխան»,- բացատրեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ մամուլի խոսնակի գնահատմամբ՝ այս մեսիջը՝ գտնել դիվանագիտական լուծում, ուղղված է հիմնականում Ադրբեջանին, որպեսզի այն զերծ մնա նման քայլերից:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդակայանը փակված է 1992-ից, և ակնկալվում է, որ չվերթի տևողությունը 35 րոպե կլինի՝ մեքենայի ճանապարհով 5 ժամ տևողության փոխարեն:
Դավիթ Բաբայանն այս համատեքստում նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման անթույլատրելիության մասին խոսող Ադրբեջանն ինքը օդային կապ է զարգացնում չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ, մյուս կողմից՝ վերջերս ճանաչել է չճանաչված Հարավային Սուդանը:
«Այսինքն՝ այդ անհեթեթությունները, որ անում է, զարգացնում է հարաբերությունները Թայվանի հետ, և միաժամանակ խոսում է, որ մենք իրավունք չունենք գործարկել, բոլորի համար պարզ է, որ սա սպեկուլյացիա է»,– ավելացրեց նա:
Օդանավակայանի գործարկման ժամկետների մասին Ստեփանակերտն առայժմ լռում է: Խոսնակն ասաց, որ այն տեղի կունենա առաջիկայում, սակայն չեն ուզում օր ու ժամ ասել, որպեսզի եթե հանկարծ տեխնիկական պատճառներով չվերթը հետաձգվի, դրան չհետևեն տարբեր շահարկումներ:
Հիշեցնենք, որ առայժմ հայտարարված է Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան ուղղությունը, հետագայում՝ հնարավորության դեպքում, Ստեփանակերտի օվանավակայանից թռիչքներ կլինեն նաև այլ ուղղություններով:










