Դամասկոսում ռմբակոծվել է նախագահական նստավայրն ու ավիաբազա. Al Arabiya

17:29 • 07.11.12

Սիրիայի ազատ բանակի զինվորներն այսօր առավոտյան ռմբակոծել են Դամասկոսի նախագահական նստավայրը, ինչպես նաև մայրաքաղաքային ռազմական օդանավակայանը։  Ինչպես տեղեկացնում է ռուսական Lenta-ն, նման տեղեկություն է տարածել արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը։

 

Այդ հարձակումների ելքի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել նռնականետերով։ Դամասկոսի տարբեր արվարձաններում նույնպես պայթյուններ են լսվել։

 

Բացի այդ, Դամասկոսի կենտրոնական շրջաններում ականանետերի արձակած արկերից զոհվել է 3, վիրավորվել 12 մարդ։

 

Եվս երկու մարդ զոհվել է մայրաքաղաքի հարավային արվարձաններից մեկում՝ ականապատ ավտոմեքենայի պայթյունից։


Դամասկոսում իրավիճակը լարվել է հատկապես վերջին 3 օրերի ընթացքում։ Այստեղ վերջին օրերին մի քանի խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ։