Երևանից Սիրիա ուղարկված հումանիտար օգնության հերթական ուղեբեռն արդեն հասել է Հալեպ
Երևանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում և արդեն բեռնաթափվում է։ Հիշեցնենք, որ այն զննման նպատակով վայրէջք էր կատարել Էրզրումի օդանավակայանում։
Սա «Oգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հալեպ ուղարկված երրորդ ուղեբեռն է։
«Հումանիտար օգնության հերթական խմբաքանակը հասցեագրված է հակամարտության հետևանքով հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով։ Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և 1 տոննա պանիր»,-ասված էր նախաձեռնության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Օդանավը ոչ թե հարկադիր, այլ պլանային վայրէջք էր կատարել Էրզրումի օդանավակայանում՝ պայմանավորվածության համաձայն՝ ուղեբեռի զննման նպատակով։
Հիշեցնենք, որ Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը, և Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանի ու համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։










