Բեյրութ-Հալեպ ճանապարհին առևանգված հայերից երկուսն ազատ են արձակվել
Բեյրութ Հալեպ ճանապարհին առևանգված յոթ հայերից երկուսը` հայր ու որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներն ազատ են արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
Անդրադառնալով մյուս 5 հայերին՝ Ռեյիսյանը նշել է, թե դեռևս տեղեկություն չկա, սակայն ջանքեր են գործադրվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ:
Լուրեր են շրջանառվում, որ Ջորջ և Բաշար Ռաբաթներն ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո:
Անդրադառնալով երեկ տարածված տեղեկատվությանը, թե Բեյրութ-Հալեպ ճանապարհին՝ Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, օրեր առաջ առևանգված հայազգի Սաքո Կոզանյանն ազատ է արձակվել, Ռեյիսյանը տեղեկացրել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Մամուլի քարտուղարը նաև ավելացրել է, որ Հալեպի որոշ թաղամասերում բախումները շարունակվում են: Կրակոցների ձայները լսվում են նաև հայկական թաղամասերում:










