Բարոնուհի Քերոլայն Քոքսը Լորդերի պալատում քննադատության է ենթարկել Ադրբեջանին

11:27 • 08.11.12

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը պալատում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ քննադատել է Բաքվին, հայտնում է Asbarez-ը։

 

«Ես այցելել եմ այդ տարածաշրջան 78 անգամ ՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող պատերազմի ընթացքում։ Ցավում եմ, որ իմ ներդրումն այս գործում բացասական է լինելու, քանի որ իմ ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է, սակայն այն, ինչ ես կասեմ, տեղեկություն է հենց «առաջին ձեռքից»»,- ասել է բարոնուհին։

 

Այնուհետ Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական փուլին՝ նշելով, որ ինքն ուղղակի ցնցված էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ էթնիկ զտումների մանրակրկիտ մշակված քաղաքականությունից։

 

Իր խոսքում հայ ազգի բարեկամը նաև հիշատակել է ադրբեջանցիների կողմից իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաև Բաքվում և Սումգայիթում սպանված հայերի մասին։
«Ես իմ աչքով եմ տեսել այն բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնք նախապատրաստվել են ադրբեջանցիների կողմից, որոնցից մեկն է նաև Մարաղայի հայ բնակչության դաժան սպանդը։ Բացի այդ, ես նաև եղել եմ Խոջալուում, և կարող եմ վստահեցնել, որ այնտեղ տեղի ունեցած ողբերգական դեպքերն իրականում չեն համապատասխանում ադրբեջանական կողմի ներկայացրած պատկերին։ Այս հարցում ինձ հետ համակարծիք են նաև անկախ լրագրողներն ու Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը»,- նշել է Քոքսը։

 

Բարոնուհին նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները խաղաղության անհապաղ կարիք ունեն, քանի որ Հարավային Կովկասի ժողովուրդներն այլևս չեն ուզում ևս մի ապակայունացնող պատերազմ։ Սակայն Քոքսն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր թշնամական քաղաքականությունը՝ այդ կերպ վնաս հասցնելով հակամարտության խաղաղ լուծման գործընթացին։

 

Իր խոսքում անդրադառնալով նաև Բուդապեշտի կողմից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հերոսացմանը՝ Քոքսն ասել է.
«ԱՄՆ-ն և Ռուսաստանն արձագանքել են այս միջադեպին՝ քննադատելով և Բաքվից ու Բուդապեշտից բացատրություններ պահանջելով։ Այժմ թույլ տվեք հարցնել՝ ինչպե՞ս է արձագանքել մարդասպանի ազատ արձակմանն ու հերոսացմանը Մեծ Բրիտանիան»։

 

Բացի այդ, բարոնուհին նաև կասկածի տակ է առել Եվրոպական Միությանը վստահելու հարցը՝ նշելով, որ այն 19.5 մլն եվրո է տրամադրել նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանին՝ արդարադատության և միգրացիոն ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
«Այստեղ ևս հարց է ծագում. ԵՄ-ն ինչպե՞ս կարդարացնի նման հարուստ երկրին 19.5 մլն եվրոյի տեսքով ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը»,- ասել է նա։

 

Բարոնուհին իր ելույթը եզրափակել է՝ խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ մամուլի և կրոնական ազատության խնդիրների մասին։