Չինաստանը պետք է դառնա ծովային գերտերություն. Հու Ձինտաո
Չինաստանն անհրաժեշտ է վերածել ծովային գերտերության՝ երկրի շահերի ապահովման նպատակով։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինտաոն Պեկինում այսօր մեկնարկած Կոմկուսի 18-րդ համագումարի բացմանը։
«Մենք պետք է մեծացնենք մեր հնարավորությունները Չինաստանի շահերն ու իրավունքները ջրային տարածքում պատշաճ կերպով պաշտպանելու համար, մենք պետք է Չինաստանը վերածենք ծովային գերտերության»,- ասել է երկրի առաջնորդը։
Համագումարը կտևի մինչև նոյեմբերի 14-ը։
Ինչպես սպասվում է՝ համագումարից հետո Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարին կփոխարինի նրա տեղակալ Սի Ձինպինը։ Կուսակցության ղեկավարության կազմի փոփոխությունից հետո կհաստատվի նաև կառավարության նոր կազմը։
Չինաստանը Հարավչինական և Արևելաչինական ծովերում մի շարք կղզիների է հավակնում մի շարք երկրների հետ։ Մասնավորապես, Սենկակու կամ Դյաոյույդաո վիճելի կղզիների շուրջ հարաբերությունները սրվել են Ճապոնիայի հետ։










