Գվատեմալայի երկրաշարժից նվազագույնը տասը մարդ է զոհվել, բազմաթիվ շինություներ են քանդվել
Երեքից մինչև տասը մարդ է զոհվել Գվատեմալայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն:
Ճշտված տվյալներով երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6: Ավերվել է ավելի քան 40 շինություն, նվազագույնը 6 մարդ վիրավորվել է: Եպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, ափից 50 կմ հեռավորության վրա: Հետցնցումներ են գրանցվում առաջին ցնցումներից ավելի փոքր մագնիտուդով նույնիսկ ժամեր անց:
Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան այսօր իր ելույթում հայտարարել է, որ կան ամբողջովին քանդված շենքեր և դրանցում կարող են բազմաթիվ զոհեր լինել: Երկրի ղեկավարը «կարմիր աստիճանի» ազգային տագնապ է հայտարարել երկրի ողջ տարածքում:
Ճշտված տվյալներով, Սան Պեդրո Սակատեպեկես քաղաքում մի քանի շինություն է քանդվել: Հաղորդվում է այդ քաղաքում նվազագույնը 3 զոհի մասին: Սան Մարկոս քաղաքում քանդվել է դպրոցի շենքը, այնտեղ կան վիրավորներ:
Երկրաշարժը առնչվել է տարածաշրջանի մի քանի երկրների, ցնցումներ են գրանցվել Կոստա Ռիկայում, Սալվադորում և Մեքսիկայում: Սալվադորում հնարավոր ցունամիի կապակցությամբ տագնապ է հայտարարվել:
Մեքսիակական Օխակա և Չյապաս նահանգներում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,3: Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում, որտեղ խուճապահար հարյուրավոր մարդիկ շենքերից դուրս են վազել: Քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում ավերածություններ չեն գրանցվել:










