Գվատեմալայում երկրաշարժը գրեթե 50 մարդու մահվան պատճառ է դարձել
Գվատեմալայի հանրապետությունում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48-ի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային։
Ինչպես հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները՝ նա անձամբ այցելել է աղետի շրջաններ։ «Մենք ցավով պետք է արձանագրենք 48 մարդու մահը, սա իսկապես դժբախտություն է»,- ասել է Պերեսը։
Նրա խոսքով՝ միայն Սան Մարկոս քաղաքում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից, զոհվել է 39 մարդ, ընդ որում՝ զոհերի թիվը կարող է աճել։ Վիրավորների թիվը կազմում է 155 մարդ, գրեթե 100 մարդ համարվում է անհայտ կորած։
Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ։ Աղետն ավերել է տասնյակ տներ, այդ թվում լրջորեն վնասվել են տեղական իշխանության մարմինների և ոստիկանության շենքերը։
Աղետի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, տուժածների համար սնունդ է մատակարարվում։ Իշխանություններն այնտեղ են ուղարկել նաև ավելի քան 2 000 զինվորականներ, ովքեր օգնում են փլատակների մաքրման հարցում և պահպանում են հասարակական կարգը։
Տուժած շրջաններում խափանվել է ճանապարհային հաղորդումը։ Մինչ այժմ շատ բնակելի վայրեր մնում են առանց էլեկտրաէներգիայի, լույսի և հեռախոսակապի։
Երկրի նախագահը հաղորդել է, որ Գվատեմալայի կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժածներին օգնություն հատկացնելու համար։ Նա շնորհակալություն է հատնել Վենեսուելայի և Իսպանիայի իշխանություններին, որոնք առաջինն են պատրաստակամություն հայտնել գվատեմալացիների հումանիտար օգնություն հատկացնել։ Օգնության պատրաստակամություն են հայտնել նաև հարևան Սալվադորի, Հոնդուրասի և Պանամայի կառավարությունները։
Պերես Մոլինան հայտնել է, որ սա դարձել է երկրում ամենաուժեղ երկրաշարժը վերջին 36 տարիների ընթացքում։










