Սիրիայում պատերազմը կշարունակվի մինչև վերջ. Լավրով

14:43 • 08.11.12

Սիրիայում պատերազմը շարունակվելու է մինչև վերջ, քանի որ կողմերից որևէ մեկը մտադիր չէ հրաժարվել կռվից։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

«Ասադը (Սիրիայի նախագահ-Tert.am) չի գնում, նա ոչ մի տեղ չի գնա։ Պետք չէ նրան համոզել։ Նա լսում է, թե ինչպես են իրեն բնութագրում արևմտյան առաջնորդները, ինչպես են բնորոշում հարևան որոշ արաբական երկրներ: Նրանք սպառնում են Ասադին ինչով հնարավոր է։ Սակայն նա էլ, ինչպես ընդդիմությունը, այժմ ցանկանում է կռվել՝ մինչև հաղթական ավարտը»,-հայտարարել է Լավրովը։

 

Նախարարի խոսքով՝ «Արևմուտքը ստիպում է ընդդիմությանը շարունակել պայքարը», իսկ Ասադը տրամադրվել է կռվել մինչև հաղթանակ։


Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լսել է քարտուղարության տեղեկությունը՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Քարտուղարությունը ներկայացրել է եզրահանգումը, որին հասել է Լախդար Բրահիմին (ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ-Tert.am) այս փուլում, այն է, որ երկու կողմերն էլ մտադիր են շարունակել ռազմական դիմակայությունը՝ հաղթանակի հասնելու հույսով»,-ասել է Լավրովը։


Նա հույս է հայտնել, որ արտաքին խաղացողները կփորձեն միավորել սիրիական ընդդիմությանը։ «Այլ ճանապարհ, քան քաղաքական երկխոսությունը կառավարության և բոլոր ընդդիմադիր խմբերի միջև, մենք չենք տեսնում»,-ընդգծել է նա։