Մեղրիի ՀԷԿ–ը պատրաստ կլինի 5 տարի հետո. այսօր տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը
Հինգ տարի հետո Արաքս գետի վրա Հայաստանն ու Իրանը շահագործման կհանձնեն «Մեղրի» հիդրոէլեկտրակայանը, որի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ Մեղրիում։
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես նաև Իրանի ներկայացուցչական պատվիրակությունը, Իրանի էներգետիկայի նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամուջի գլխավորությամբ։
Արմեն Մովսիսյանն իր ելույթում նշեց, որ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի կառուցումը, նախևառաջ, կարևոր է երկու երկրների մարզային հատվածների տնտեսական զարգացման առումով։ Նա նաև տեղեկացրեց, որ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ–Ղոդս» խորհրդատվական ընկերությունը։
«Տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները համակարգվել և վերահսկվել են հայ–իրանական համատեղ տեխնիկական կոմիտեի կողմից։ Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում՝ «Մեղրի» ՀԷԿ–ը, իրանական կողմում՝ «Ղարաչիլար» ՀԷԿ–ը»,– ասաց Արմեն Մովսիսյանը։
Շինարարության ավարտից հետո 15 տարի «Մեղրի» ՀԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան, որից հետո ՀԷԿ–ը անհատույց կփոխանցվի հայկական կողմին։
Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամուջն իր հերթին ասաց, որ աշխարհի ողջ բնակչության ավելի քան 40 տոկոսը ապրում է այնպիսի հատվածներում, որտեղից հոսող գետերն անցնում են մի քանի երկրների միջով։
«Աշխարհում իր ցայտուն դերն ունի ջրի դիվանագիտությունը։ Հիդրոէներգետիկ դիվանագիտության կիրառումը տարածաշրջանում խաղաղություն, կայունություն, բարեկեցություն հաստատելու միջոցներից մեկն է»,– ասաց նա։
«Ջուրը մշտապես եղել է մեր ժողովուրդների կապող օղակը, և այդ նպատակով տնտեսական նախագծերի իրականացումը կնպաստի երկու ժողովուրդների բարեկեցությանը»,– ասաց նա և ավելացրեց, որ «Մեղրի» և «Ղարաչիլար» ՀԷԿ–երի կառուցումը երկու երկրների ընդհանուր կամքի դրսևորումն է։
Նշենք, որ ՀԷԿ–ի ջրի հաշվարկային ելքը կկազմի 160 խմ վայրկյանում, հաշվարկային հզորությունը՝ 130 ՄՎտ, իսկ տարեկան կարտադրվի 793 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։
Արաքսի վրա ՀԷԿ–եր կառուցելու և շահագործելու նպատակով ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջկառավարական երկու համաձայնագրերն ստորագրվել են դեռևս 2007-ին, իսկ 2008-ին վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։










