ՄԻՊ առաջարկությունները կրոնական ազատությունների մասին օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծի շուրջ, որի ժամանակ ՄԻՊ–ը ներկայացրել իր առաջարկությունները։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ քննարկմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք փորձագետներ:
Քննարկման ընթացքում և դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ օմբուդսմենը ներկայացրել է ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:
Այսպես, առաջարկներից մեկն է ‹‹հոգեորսություն›› հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում։ Առաջին հերթին պարզաբանել «հոգեբանական բռնություն» հասկացությունը և դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը։
Պարզաբանման կարիք ունի նաև օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որևէ հավատքի հետևորդ դարձնելու նպատակով և չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ։
Մեկ այլ խնդիր է երեխայի կրոնական դաստիարակությունը։ Չնայած նրան, որ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միևնույն ժամանակ այն չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներից յուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետևորդներ են և համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում։
Կրոնական կազմակերպությունների արտերկրից ֆինանսավորումը նույնպես խնդրահարույց է։ Եթե օրենքի նախագիծն արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը, օրինակ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին, նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով։
Այս և օրենքի նախագծի վերաբերյալ օմբուդսմենի այլ առաջարկություններին և դիտողությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում։










