Շվարցենեգերն արժանացել է ՄԱԿ-ի «Աշխարհի քաղաքացի» մրցանակին

09:49 • 08.11.12

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ, հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերին կհանձնվի ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի «Աշխարհի քաղաքացի» ամենամյա հեղինակավոր մրցանակը։ Այս որոշման մասին, ինչպես հայտնում է Life News-ը, ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի ներկայացուցիչները հայտնել են նոյեմբերի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսում։

 

 

Դերասանին հեղինակավոր մրցանակը կհանձնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու Յորքում դեկտեմբերի 19-ին անցկացվելիք հանդիսավոր արարողության ժամանակ։

 

«Այս մրցանակին են արժանանում այն մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրում են գլոբալ խնդիրների, հակամարտությունների, խաղաղության ու անվտանգության, կլիմայական փոփոխությունների հարցերի լուծմանը»,- հայտնել են նրանք։

 

Շվարցենեգերն այս մրցանակին է արժանացել առաջին հերթին R20 Regions of Climate Action կազմակերպության ստեղծման համար, որի շրջանակում նա զբաղվել է տարածաշրջանային մակարդակով էկոլոգիական խնդիրների լուծմամբ՝ նման մոտեցումը համարելով առավել արդյունավետ, քան բարձր մակարդակով քննարկումները։

 

Տարբեր տարիների այս հեղինակավոր մրցանակին են արժանացել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, կինոդերասանուհի Անջելինա Ջոլին և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։ Մրցանակը հռչակվել է 1995թ.-ին։