Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ՝ սննդամթերքի մոնիտորինգը շարունակական է լինելու

15:07 • 08.11.12

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն ՀՀ կառավարության այսօրվա նիստը բացել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ասելով, որ պայմանավորվածություն կա պարբերաբար անդրադառնալ սննդի անվտանգության հարցին, քանի որ այդ ոլորտում կառավարությունը ստանձնել է կարևորագույն պարտավորություն և պետք է երաշխավորի ՀՀ քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ:


«Ցավոք, մենք դեռևս ունենք լրջագույն խնդիրներ: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք մոնիտորինգի համակարգ, որպեսզի իշխանությունները պարբերաբար իրականացնեն ստուգումներ սնունդ արտադրողների մոտ, և եթե հայտնաբերվում են խախտումներ, շեղումներ նորմերից, հանրությանը դրա մասին տեղյակ պահենք»,- ասել է վարչապետը։

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ով ավարտել էր պանրի ոլորտում ուսումնասիրությունները հանդես է եկել զեկույցով։ Զեկույցում մասնավորապես ասվում է.


«Վարչապետի հանձնարարությամբ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրեցինք պանրի արտադրությամբ զբաղվող թվով 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումներ: Ստուգումներն իրականացրել ենք ստուգաթերթերի հիման վրա: Պանրի ստուգաթերթը հիմա փորձարկման փուլում է: Ստուգաթերթում ներառված են 84 պահանջի նկատմամբ հարցեր, և 59 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է` առանձին արտադրության կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Այդ սուբյեկտներն են` անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյան, Սուսան Ղազարյան, անհատ ձեռնարկատեր Արմեն Սուքիասյան, անհատ ձեռնարկատեր Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ընկերություն, անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյան և անհատ ձեռնարկատեր Սամվել Բալոյան: Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ` մեծամասամբ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5.5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշխատանքներ` ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո: Թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք. ընդհանուր գումարը կազմել է 10 մլն 450 հազար դրամ»։


Իսկ վարչապետի այն հարցին, թե այդ մանրէներն ի՞նչ վտանգ են ներկայացնում առողջության համար, Աբրամ Բախչագուլյանը պատասխանել է, որ տեխնիկական կանոնակարգով կա աղիքային ցուպիկի սահմանված թույլատրելի չափ: Աղիքային ցուպիկի մանրէների թույլատրելի քանակը գերազանցում է, որը բնակչության մոտ մարսողական համակարգի խնդիրներ է առաջացնում:


Այնուհետև Արամ Բախչագուլյանը վարչապետին ներկայացրել է իր ոլորտի հետագա անելիքներն ասելով. «Մինչ տարեվերջ տարբեր ոլորտներում, մոտավորապես 70 ընկերություններում, թե՛ իրացման և թե՛ արտադրության ոլորտներում ստուգումներ ենք իրականացնելու: Ընդգրկված է մսամթերքի արտադրության ոլորտը, սակայն ոչ լիարժեք, քանի որ մյուս տարի ենք պլանավորել բոլոր մսամթերք արտադրող ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնել»,- իր խոսքն ավարտել է սննդամթերքի անվտանգության ծառայության պետը։