Պոլսահայերը բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն բանտերում հացադուլ անող քրդերի
Մի խումբ պոլսահայեր բողոքի ակցիա են անցկացրել «Ակօս» թերթի խմբագրության մոտ՝ այն վայրում, որտեղ սպանվել էր Հրանտ Դինքը, և իրենց զորակցությունը հայտնել թուրքական բանտերում հացադուլ իրականացնող քրդերին, տեղեկացնում է Sondakika կայքը։
Նրանք թուրքական կառավարությունից պահանջել են միջոցներ ձեռնարկել «մահացու հացադուլը» դադարեցնելու ուղղությամբ։
Ցույցի մասնակիցներից Սայաթ Թեքիրը նշել է, թե ցանկանում են, որ հացադուլը դադարեցվի և քրդերի պահանջներն արդարացի է համարել։
«Հատկապես մայրենի լեզվով կրթություն ստանալը կարևոր պահանջ է։ Կարծում եմ՝ հացի, ջրի նման կենսական է։ Մենք ցանկանում ենք, որ երկրում ռազմական մթնոլորտը դադարի և մեկ վայրկան առաջ խաղաղություն հաստատվի»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկվանից քուրդ պատգամավորները ևս հացադուլ են սկսել՝ այդ կերպ իրենց աջակցությունը հայտնելով բանտերում շուրջ 2 ամիս շարունակվող հացադուլին։










